Ռուսաստանը հեռանկարներ է տեսնում փոքր ատոմային էներգետիկայի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունում։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի եւ Թուրքիայի առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Պատրաստ ենք շարունակել համագործակցությունը փոքր հզորության ատոմակայանների ոլորտում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ էներգետիկան երկրների միջեւ փոխգործակցության կարեւոր ուղղություններից է, Ռուսաստանը Թուրքիա է մատակարարում էներգառեսուրսների կայուն հոսք։
«Հաջող զարգանում է համագործակցությունը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում։ Շարունակվում է մեր ֆլագմանային նախագծի՝ «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի իրականացումը։ Լայնածավալ աշխատանքներ են ընթանում ԱԷԿ-ի չորս բլոկներում»,- նշել է Նովակը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն ատոմային ոլորտում, այդ թվում էներգիայի վերականգնվող աղբյուրների նախագծի իրականացման մասով «Աքքույու» ԱԷԿ-ում՝ էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալներ ստանալու համար։
Նովակն ավելացրել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան փոխգործակցության լավ հեռանկարներ ունեն միջուկային բժշկության, հազվադեպ մետաղներից պատրաստվող իրերի, կոմպոզիտային նյութերի եւ լիթիում-իոնային կուտակիչների հիման վրա էներգիայի կուտակիչների արտադրության, ինչպես նաեւ ջրամաքրման եւ աղբի այրման տեխնոլոգիաների ոլորտում։ Քննարկվում են համատեղ նախագծեր մետալուրգիայի, ավտոմեքենաշինության, թեթեւ եւ քիմիական արդյունաբերության ոլորտներում։





























