Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այն հայտարարության առնչությամբ, որ Ուկրաինայում Եվրամայդանը նշանավորել է ազատության ձգտումը, հաղորդում է «Аргументы и факты»-ն։
«Շատ ցավալի է, քանի որ, հավանաբար, նախկինում Եվրոպայի նորագույն պատմության մեջ երբեք ռազմական հեղաշրջումը չի ընկալվել որպես տոն»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պեսկովը նշել է, որ Կիևում տեղի ունեցած իրադարձությունները հանգեցրել են «նացիստական տրամադրությունների ծաղկմանը»։ Հետագայում, ըստ նրա, սա վտանգավոր ռեժիմ է ձևավորել Ռուսաստանի Դաշնության, մասնավորապես ռուսալեզու բնակչության համար։
«Սա շարունակվում է այն ողբերգություններով, որոնք ամեն օր տեսնում ենք Ուկրաինայում», - ասել է Կրեմլի խոսնակը:
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր նաև, որ արտերկրից Մայդանը հովանավորելու փաստն ուղղակիորեն հաստատել են արևմտյան երկրների ներկայացուցիչները։ Այդ իսկ պատճառով, ըստ նրա, Ռուսաստանի համար առաջնահերթությունը հատուկ գործողությունն ավարտելու և դրա բոլոր նպատակներին հասնելու խնդիրն է։





























