Կիրակի օրը Ռումինիայում և Մոլդովայում առատ ձյունը և սաստիկ բուքը հանգեցրել են մեկ մարդու մահվան, տասնյակ բնակավայրերի հոսանքազրկման, ինչպես նաև  որոշ ազգային ճանապարհների փակման, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Մոլդովայում 40-ամյա տղամարդը մահացել է կիրակի օրը, երբ մեքենան, որում նա եղել է, դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին, հայտնել է Մոլդովայի ազգային ոստիկանությունը՝ հավելելով, որ կեսօրին մոտ վեց ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։

«Մենք բազմիցս կոչ ենք արել վարորդներին չերթևեկել չսարքավորված տրանսպորտային միջոցներով և վարել ցածր արագությամբ», - ասվում է Մոլդովայի ոստիկանության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում, որում նաև զգուշացվում է մեքենա վարել «խիստ անհրաժեշտության դեպքում»:

Ռումինիայում եղանակային կարմիր նախազգուշացումներ են տրվել արևելյան Կոնստանտա, Տուլչա, Գալաթի և Բրայլա շրջաններում, որտեղ քամու արագությունը կհասնի ժամում 100 կիլոմետրի, հայտնել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ կիրակի օրը չորս շրջաններում փակ են ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական նշանակության ճանապարհները: Կոնստանցա և Բրայլա շրջանների արտակարգ իրավիճակների ներկայացուցիչները հայտնել են, որ առնվազն 69 համայնք մնացել է առանց էլեկտրականության, սակայն բրիգադներ են ուղարկվել խափանումները վերացնելու համար: