Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը նոյեմբերի 26-ի երեկոյան իր Telegram ալիքում մամուլի հաղորդագրություն է հրապարակել՝ հայտնելով, որ գերությունից ազատվել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող պատանդը։ Ասվում է, որ այդ քայլն արվել է ի պատասխան «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի և ի նշան ՀԱՄԱՍ-ի պաշտպանության Ռուսաստանի դիրքորոշման»։

 Այսօր ավելի վաղ Channel 12 հեռուստաալիքը, հղում անելով երկու աղբյուրի, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը, Ռուսաստանի հարցմանն ի պատասխան, կարող է ազատ արձակել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող իսրայելցուն։ Հայտնի չէ, թե քանի ռուսաստանցի է պատանդ պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովն ասել էր՝ առնվազն մեկը։

ՀԱՄԱՍ-ի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար, քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկը հայտարարել էր, որ զինյալները «ավելի դրական և ուշադիր» են վերաբերվում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ Ռուսաստանի խնդրանքին։ Հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը եկել էր Մոսկվա, որտեղ  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկվել էին պատանդների ազատ արձակման, ինչպես նաև ռուսաստանցիների և օտարերկրյա քաղաքացիների տարհանման հարցերը, գրում է «Коммерсант»-ը։