«Ազգային ժողովին ներկայացված 2010թ. բյուջեի նախագիծը չի կարող դիմագրավել Հայաստանի Հանրապետության դեմ ծառացած մարտահրավերներին եւ կառուցված չէ իրականության հետ որեւէ կապ ունենալու սկզբունքի հիման վրա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նշելով, որ այն թերի է թե՛ եկամտային եւ թե՛ ծախսային քաղաքականության առումներով՝ նա նկատեց, որ նախագիծն անիրատեսական է եւ որեւէ կապ չունի իրականության հետ։

Հարցին, թե ի՞նչ կերպ կմեկնաբանի 2010թ-ի բյուջեի նախագծում պաշտպանության ոլորտին եւ ուժային կառույցներին տրամադրվող գումարների կրճատումը մոտ 19 մլրդ դրամի չափով, Ա. Մինասյանը նկատեց, որ «քանի որ ՀՆԱ-ի նկատմամբ 3.1 տոկոս աճը ֆորմալ կերպով պահպանված է, հետեւաբար այդտեղ ֆորմալ պահանջ է բավարարված, բայց ամեն դեպքում, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, պաշտպանական ոլորտում ծախսերի կրճատում չպետք է նախատեսվեր»: Նրա խոսքով, դա մեկ անգամ եւս փաստում է այն մասին, որ երկրի առջեւ կանգնած մարտահրավերները բավարար ընկալում չեն ունեցել կառավարության քաղաքականության մեջ եւ այդ է պատճառը, որ նա չի կարողացել ԱԺ «հարձակողական բյուջե» ներկայացնել։