Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մահվան պատճառ է դարձել  դժբախտ պատահարը, որին նախորդել է ալկոհոլի չարաշահումը, ասված է Լոնդոնի Սենթ-Փանքրաս շրջանի դատարանի եզրակացության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պաթոլոգանատոմ Սոհայիլ Բանթհունը հոկտեմբերի 26-ին հաստատել է, որ երգչուհին մահից առաջ մեծ քանակությամբ ալկոհոլ է ընդունել:

Հետաքննությունը վարող քննիչ Լեսլի Նյումանը հաստատել է, որ հանգուցյալի մահճակալի կողքին գտնվել է օղու 3 դատարկ շիշ` երկու մեծ եւ մեկ փոքր: Նա նաեւ եզրակացրել է, որ մահը վրա է հասել «հանգամանքների դժբախտ դասավորման» հետեւանքով: 

Երգչուհու հայրը վստահեցնում է, որ մահից մի քանի ամիս առաջ Ուայնհաուսը լիովին հրաժարվել էր ալկոհոլից եւ տառապում էր անբացատրելի ցնցումներից: Երգչուհի Էմի Ուայնհաուսին մահացած էին գտել այս տարվա հուլիսի 23-ին լոնդոնյան իր բնակարանում: Սեպտեմբերի 14-ին նա կդառնար 28 տարեկան: