Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը քննարկում են Գազայում հրադադարի համաձայնագրի նոր փուլի պարամետրերը, որը կներառի ոչ միայն կանանց եւ երեխաների, այլեւ տղամարդ պատանդների կամ զինծառայողների արձակումը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վաչության (ԿՀՎ) եւ Իսրայելի «Մոսադ»-ի ղեկավարները երեքշաբթի Դոհայում հանդիպել են Կատարի վարչապետի հետ, որպեսզի քննարկեն հնարավոր նոր փուլը, որը կարող է պահանջվել հրադադարի ձեռքբերման համար, այն կտեւի ավելի քան մի քանի օր, տեղեկացրել է աղբյուրը։ Հանդիպումից առաջ կատարցի բանակցողները հանդիպել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի գնահատեն նոր պարամետրերին նրանց համաձայնության պատրաստակամությունը։
Կատարի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բանավեճի ելքը հայտնի չէ։
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բյորնսը Դոհայում էր գտնվում «Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հանդիպումների համար», տեղեկացրել է ամերիկացի պաշտոնյան՝ անունը չնշելու պայմանով։
Բյորնսը, Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դեւիդ Բարնին եւ Կատարի վարչապետ, շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին հանդիպել են եգիպտացի պաշտոնատար անձանց հետո այն բանից մեկ օր հետո, երբ Կատարը հայտարարել էր Գազայի հատվածում երկու օրով նախնական քառօրյա հրադադարի երկարացման մասին, որը պետք է լրանար երկուշաբթի գիշեր։
Հրադադարի առաջին չորս օրում ՀԱՄԱՍ-ի զինյալները ազատ են արձակել 50 իսրայելցի կանանց եւ երեխաների։ Ի պատասխան՝ Իսրայելն ազատել է բանտերից 150 կալանավորվածների՝ անվտանգային նկատառումներով, նրանք բոլորը կանայք են եւ դեռահասներ։
Հրադադարը երկու օրով երկարացնելու շրջանակում ՀԱՄԱՍ-ը համաձայնել է լրացուցիչ ազատել 10-ական կանանց եւ երեխաների ամեն օր։
Մինչ այժմ ոչ մի նշան չի եղել, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատել գերեվարված իսրայելցի տղամարդկանց կամ զինծառայողների։





























