Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հոկտեմբերի 26-ին, շարունակվել է «Մեթլ Փրինս» ընկերության սփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործով հերթական դատական նիստը:
Դռնփակ դատական նիստն ընթացել է բուռն էմոցիաներով, անգամ փակ դռան հետեւից լսելի էին դատավարության ներկաների աղմուկն ու բարկությունը:
ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ, սույն գործով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանն ինքն էլ հավաստեց, որ նիստն անցել է սովորական դարձած լարված մթնոլորտում: Հարցաքննվել են 2 վկաներ, մեկը` զինվորական համազգեստով, իսկ մյուսը` Սերոբ Տեր-Պողոսյանի կոմբինատի աշխատակիցներից: Ամենայն հավանականությամբ, լարվածության պատճառն այն է եղել, որ աշխատակիցը ցուցմունք էր տալիս իր վերադասի դեմ, ընդ որում, այս անձը նաեւ եղել է Տեր-Պողոսյանի դեմ հայտարարություն տվողը:
Դատական նիստի ընթացքում վկան խոսել է նաեւ այն մասին, որ Ախթալայում առհասարակ, ոչ ընդունելի սեռական կապերի դեպքեր էլի են եղել, ու դեռ շարունակվում են, ինքը մեղադրյալ գործարարն էլ է հայտարարել այդ մասին իր մոտ 50 էջից բաղկացած ինքնապաշտպանական ճառում, մինչդեռ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը հակված է այն համոզմանը, որ այս միտքը կարող է լինել ընդամենը ոչինչ չարժեցող հայտարարություն: Այս դատական նիստի մասին խոսելիս էլ նա նշել է, որ ամենագլխավորն այն է, որ 2 նոր վկաների մոտ 6 ժամ տեւած հարցաքննությունը լիովին ամրապնդել է մեղադրանքի հիմք հանդիսացող փաստերը:
Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին է:




























