Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Քուվեյթ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Քույվեթի Ազգային ժողովի նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆիին եւ Քուվեյթի վարչապետ Նասսեր ալ-Մուհամմադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Քուվեյթի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Հայաստանի նախագահն ու Քուվեյթի վարչապետը համակարծիք են եղել, որ դեսպանությունների բացումը Երեւանում եւ Էլ Քուվեյթում կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը եւ մշտական քաղաքական երկխոսությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ այսօր առկա առեւտրաշրջանառության փոքր ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին:

Հայաստանի նախագահն ընդունել է նաեւ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի տնօրեն Բադեր Մոհամմադ ալ-Սաադին: Վերջինս հայտարարել է, թե հիմնադրամը ներդրումային ծրագրեր է իրականացնում տարբեր զարգացող երկրներում եւ ուրախ կլինեն համագործակցություն ծավալել նաեւ Հայաստանի հետ: