Չինաստանը և ԵՄ-ն գործընկերներ են, ոչ թե մրցակիցներ, և երկու կողմերի համագործակցությունը պետք է լինի դրական ցիկլ, որն ապահովում է փոխադարձ հաջողություն, այլ ոչ թե «դուրս մղման խաղ», որի արդյունքում միայն մեկ հաղթող է լինում: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, տեղեկացնում է Սինհուան։
Վան Վենբինն այս հայտարարությունն արել է, երբ խնդրել են մեկնաբանել ֆրանսիական Ժակ Դելորի ինստիտուտի վերջին զեկույցը, որտեղ նշվում է, որ Չինաստանի ներգրավումը սեփական զարգացման իրականացմանը ԵՄ-ի համար անհրաժեշտ ընտրություն է: Փաստաթուղթը կոչ է անում ԵՄ-ին շարունակաբար խելամիտ մոտեցում ցուցաբերել ռիսկերի նվազեցման հարցում, աջակցել Չինաստանի նկատմամբ ավելի ռացիոնալ և պրագմատիկ քաղաքականությանը և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը:
«Այս զեկույցը ցույց է տալիս, որ Եվրոպայում խորը ըմբռնումով մարդիկ դրական են վերաբերվում Չինաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, և որ հարաբերություններն ունեն ամուր սոցիալական հիմք»,- ասել է Վան Վենբինը։
Չինաստանը համոզված է, որ վտանգը, որը կողմերը պետք է նախ վերացնեն, առճակատումն ու մրցակցությունն է, որն առաջանում է բոլոր տեսակի հարցերի քաղաքականացման հետևանքով, իսկ կախվածությունը, որը կողմերը պետք է նախապես կասեցնեն, պրոտեկցիոնիստական քաղաքականություն վարելու հակումն է, հայտարարել է նա։
Վան Վենբինը նշել է, որ Չինաստանը և ԵՄ-ն գլոբալ արտադրաիրացման շղթաների կարևոր մասնակիցներ են և բաց համաշխարհային տնտեսության կառուցման վճռական կողմնակիցներ։
Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն Չինաստանի հետ կաջակցի փոխադարձաբար բաց լինելուն՝ պատեր և պատնեշներ կառուցելու փոխարեն, կնպաստի առևտրի և ներդրումների ազատականացմանը՝ պրոտեկցիոնիզմի մեծացման փոխարեն և կձևավորի արդար, իրավահավասար գործնական միջավայր չինական և եվրոպական ընկերությունների համար:





























