Իսրայելի Զինված ուժերը մարտական գոծողությունները չի դադարեցնի ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո, քանի որ ծրագրում է լուծել նաեւ տարածաշրջանում գործող պաղեստինյան այլ խմբավորումների հարցերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի Պաշտպանության բանակի պահեստային մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը։

«Մեր նպատակն այն է, որպեսզի Գազայում ոչ մի ռազմական ենթակառուցվածք չլինի, որը կարող է սպառնալիք ներկայացնել Իսրայելի խաղաղ բնակիչների համար։ Դա ներառում է ոչ միայն ՀԱՄԱՍ-ը, «Իսլամական ջիհադը, այլ նաեւ այլ ահաբեկչական կազմակերպություններ, այդ թվում «Ժողովրդական դիմադրության կոմիտեները», «Պաղեստինի ազատագրման ճակատը» եւ այլն»,- ասել է նա։

«Հոկտեմբերի 7-ից մենք մարտեր ենք վարել եւ հաջողությամբ ոչնչացրել նաեւ «Իսլամական ջիհադի» զինյալներին եւ պարագլուխներին»,- ավելացրել է Կոնրկիկոսւը։

«Մենք կշարունակենք անել դա, քանի դեռ նրանք չեն ոչնչացվի, քանի դեռ մենք տուն չենք վերադարձնի պատանդներին՝ բոլոր 137-ին, քանի դեռ չենք ոչնչացնի ռազմական սպառնալիքը եւ չենք համոզվի, որ նրանք ի վիճակի չեն լինի վերախմբավորվել մարտերի ավարտից հետո»,- ասել է նա։