Իսրայելական բանակը կհետաքննի ավիահարվածը, որի հետեւանքով զոհվել է լիբանանցի զինվորը Լիբանանի հարավում, եւ երեք հոգի վիրավորվել է, տեղեկացրել է Reuters-ը։
«Լիբանանի զինված ուժերը հարվածի թիրախը չեն եղել։ ՑԱԽԱԼ-ը ափսոսանք է հայտնում միջադեպի հետ կապված։ Միջադեպը հետաքննվում է»,- նշվել է իսրայելցի զինվորականների հայտարարությունում։
Լիբանանի բանակը տեղեկացրել է, որ զինվորը սպանվել է երեքշաբթի, Իսրայելի կողմից բանակային դիրքի գնդակոծման ժամանակ։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր զինվորները գործել են «ինքնապաշտպանական» նպատակներով, որպեսզի չեզոքացնեն անմիջական սպառնալիքը, որը հայտնաբերվել է Լիբանանի կողմում, «Հեզբոլլահի» օգտագործած դիտակետում։
Լիբանանում ՄԱԿ խաղաղարար ուժերը իրենց երեքշաբթի օրվա հայտարարությունում նշել են, որ նա Լիբանանի բանակի առաջին զինվորն է, որը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, եւ որ լիբանանյան բանակը չի մասնակցել հակամարտությանն Իսրայելի հետ։





























