Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է Իսրայելին հեռու մնալ Թուրքիայի տարածքում ՀԱՄԱՍ-ի անդամների սպանության փորձերից՝ խոստանալով լուրջ հետեւանքներ։ Այս մասին նա տեղեկացրել է թուրք լրագրողներին Կատարից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Նրանք պետք է իմանան, որ եթե նման սխալ կատարեն, ապա շատ բարձր գին կվճարեն։ Նրանք, ովքեր այժմ Գազան շրջապատելու փորձեր են ձեռնարկում, մտածում էին, թե արդյունք կստանան այս շաբաթ։ Ի՞նչ տեղի ունեցավ՝ ստացա՞ն։ Ոչ։ Եթե նրանք համարձակվեն նման քայլ ձեռնարկել Թուրքիայի դեմ, կդատապարտվեն վճարելու դրա դիմաց այնպես, որ այլեւս երբեք չեն կարողանա ուշքի գալ։ Նրանք, ովքեր կփորձեն անել դա, չպետք է մոռանան, որ դրա հետեւանքները կարող են շատ լուրջ լինել»,- պատասխանել է Էրդողանը՝ մեկնաբանելով պնդումները, որ Իսրայելի հատուկ ծառայությունները պատրաստ են սպանել ՀԱՄԱՍ-ի անդամներին այլ երկրներում, ներառյալ Թուրքիայում։