Թուրքիան դեմ է Գազայում հետպատերազմյան բուֆերային գոտի ստեղծելու ծրագրերին, քանի որ դա անհարգալից վերաբերմունք կլիներ պաղեստինցիների նկատմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իսրայելը բուֆերային գոտի ստեղծելու ծրագրերը փոխանցել է մի քանի արաբական պետությունների և Թուրքիային:

Էրդողանը հայտարարել է, որ Գազայի կառավարումն ու պատերազմից հետո նրա ապագան որոշելու են միայն պաղեստինցիները:  «Ես նույնիսկ այդ  բուֆերային գոտու ծրագրի քննարկումը համարում եմ անհարգալից վերաբերմունք իմ պաղեստինցի եղբայրների ու քույրերի նկատմամբ։ Մեզ համար սա այն ծրագիրը չէ, որը կարելի է քննարկել կամ դիտարկել»,- նշել է Էրդողանը։

Իսրայելին կոչ անելով վերադարձնել օկուպացված տարածքները՝ նա ասել է. «Իսրայելը պետք է հեռացնի ահաբեկիչներին, որոնց նա աշխարհին ներկայացնում է որպես վերաբնակներ և մտածի, թե ինչպես կարող է խաղաղ ապագա կառուցել պաղեստինցիների հետ»։