Ամերիկյան General Motors ընկերությունը, որ հայտարարել է Opel-ը վաճառելու ծրագրերից հրաժարվելու մասին, մտադիր է կրճատել գերմանական ավտոարտադրողի մոտ 10 հազար աշխատակիցների, հայտնում է N-24 հեռուստաալիքը՝ հղում անելով GM-ի փոխտնօրեն Ջոն Սմիթին:
Հիշեցնենք, որ նախօրեին General Motors-ը հայտարարեց, թե հրաժարվում է վաճառել Opel-ը Magna-Сбербанк կոնսորցիումին: GM-ի ղեկավարությունը կարծում է, թե Եվրոպայում գործարար մթնոլորտը բարելավվել է, եւ այժմ կոնցեռնը կարող է դիմագրավել ճգնաժամին իր ուժերով, թեեւ Մոսկվայում եւ Բեռլինում այդ կարծիքը ավելորդ լավատեսություն են համարում:
Եվրոպայում Opel-ի համար աշխատում է մոտ 50 հազար մարդ, իսկ միայն գերմանական գործարաններում՝ 25 հազար: Ինչպես հաղորդում է «ՌՒԱ-Նովոստին», GM-ի որոշումն արհմիույթունների բացասական հակազդեցությանն է արժանացել: Opel-ի արտադրական խորհուրդը կոչ է արել բանվորներին ողջ Եվրոպայով զանգվածային գործադուլ սկսել՝ GM-ի՝ Opel-ը «Magna-Сбербанк»-ին վաճառելու մտադրությունից հրաժարվելու ի պատասխան:
«Բողոքի գործողությունները կսկսվեն Գերմանիայում եւ տեղի կունենան ողջ Եվրոպայում»,- հայտարարել է Կլաուս Ֆրանցը՝ Opel-ի արտադրական խորհրդի ղեկավարը: Նրա խոսքով, «նախազգուշական գործադուլները» կարող են սկսվել արդեն հինգշաբթի:




























