Հայաստանն ՕՊԵԿ-ից 50 մլն եվրոյի վարկ կստանա։ Դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ միջազգային զարգացման ֆոնդի միջեւ ստորագրված կանաչ, կայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի (50 մլն եվրո գումարով) վավերացման հարցը։

Ծրագրի նպատակը Հայաստանում կանաչ, կայուն եւ ներառական զարգացմանն աջակցելն է։ Այն ուղղված է կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմմանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի կառավարման համակարգի եւ էներգաարդյունավետության բարելավմանը։

Հանրապետության ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ սկզբում ենթադրվում էր, որ միջոցները կհատկացվեն պետբյուջեի դեֆիցիտը փակելուն։ Սակայն քանի որ բյուջեն պորֆիցիտային էր, ընդունվեց որոշում վարկային միջոցները կապիտալ ներդրումներին հատկացնելու մասին, ինչպիսին է դպրոցների կառուցումը եւ այլն։

«Վարկը տրամադրվում է 20 տարով։ Դրանցից 5-ը՝ արտոնյալ»,- նշել է Հակոբյանը։ Տոկոսադրույքը երկու բաղադրիչ ունի՝ վեցամսյա EURIBOR եւ ամրագրված 1,6 տոկոս սփրեդ։ Ֆիննախի գնահատականներով՝ փաստացի տոկոսադրույքը կազմում է 5,6 տոկոս։