Կառավարության կողմից հոկտեմբերի 27-ին հավանության արժանացած, այսպես կոչված, հարկային փաթեթում, որտեղ մոտ 20 օրենքներում փոփոխույթւոններ կատարելու նախագծեր կան, առաջարկվում է բարձրացնել նաեւ տեղական արտադրության գարեջրի եւ գինիների ակցիզը:

Նշենք, որ գործող օրենքով տեղական արտադրության գարեջրի ու գինու ակցիզը զգալիորեն զիջում է ներմուծվածների ակցիզային հարկին:

Այսպես` տեղական արտադրության գարեջրի 1 լիտրի ակցիզը ներկայում 70 դրամ է, իսկ ներմուծվածինը` 105 դրամ: Առաջարկվող նախագծով եւ տեղական, եւ ներմուծվող գարեջուրը պետք է հարկվեն միեւնույն ակցիզով` 25 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 105 դրամ:

Տեղական արտադրության գինու ակցիզը ներկայում 10 տոկոս է, բայց ոչ պակաս 1 լիտրի համար 100 դրամ, իսկ ներմուծվածինը` ոչ պակաս 150 դրամ: Առաջարկվող նախագծով եւ տեղական, եւ ներմուծվող գինիների համար կսահմանվի 150 դրամ նվազագույն շեմ:

Փոփոխություններ են առաջարկվում նաեւ սպիրտային այլ խմիչքների ակցիզներում: Այսպես` էթիլային սպիրտի ակցիզը առաջարկվում է բարձրացնել մինչեւ 900 դրամ 1 լիտրի համար (ներկայում 600 դրամ է տեղականի դեպքում, եւ 700 դրամ` ներմուծվածի դեպքում):

Սպիրտային խմիչքների ակցիզները եւս առաջարկվում է հավասարեցնել` սահմանելով 50 տոկոս կամ 1 լիտրի համար նվազագույնը 600 դրամ: Նշենք, որ տեղական արտադրության սպիրտային խմիչքները ներկայում հարկվում են 30 տոկոսով, բայց ոչ պակաս 1 լիտրի համար 380 դրամից:

Այսպիսով` եթե կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվեն, ապա հաջորդ տարվանից Հայաստանում ալկոհոլային համարյա բոլոր խմիչքները կթանկանան:

Շատ ավելի էական է այն հանգամանքը, որ կառավարությունը փաստացի հավասարեցնում է տեղական արտադրության եւ ներմուծված ալկոհոլային խմիչքների ակցիզները, ինչը տեղի է ունենում միջազգային կառույցների, առաջին հերթին` Առեւտրի համաշխարհային կազմակերպության ճնշումների ներքո: Սակայն, կարծում ենք, հայկական դրամի արժեզրկումը կարող է տեղական արտադրողների համար մասամբ փոխհատուցել հարկային դաշտում մրցակցային առավելությունների կորուստը:

Սամվել Ավագյան