Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան սահմանադրությանը չհամապատասխանող է անվանել երկրի նոր կառավարության որոշումը՝ պետական ԶԼՄ-ների ղեկավարությանը հեռացնելու մասին։ Այս մասին նա դիմումով տեղեկացրել է  վարչապետ Դոնալդ Տուսկին, որը հրապարակվել է նախագահի գրասենյակի կայքում։

«Քաղաքական նպատակը չի կարող արդարացում ծառայել հիմնարար սահմանադրական սկզբունքների խախտման համար, այդ թվում [օրենքների ընդունման] օրինականության հարցում»,- գրել է Դուդան։ Նա նշել է, որ համաձայն գործող օրենսդրության՝ կառավարության անդամները կադրային որոշումներ կայացնելու լիազորություններ չունեն պետական ԶԼՄ-ների ղեկավարության հարցում։ Դուդայի խոսքով՝ այդ հարցերը հատուկ խորհրդի վարույթում են գտնվում, որը հիմնվել է 2016թ., երբ իշխանությունում էր աջ կառավարությունը Մաթեուշ Մորավեցկու գլխավորությամբ։

Ավելի վաղ Gazeta Wyborcza-ն տեղեկացրել էր բողոքի ցույցի մասին Լեհական հեռուստատեսության կենտրոնակայանի մոտ, որը կազմակերպել էին նախկին կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության կողմնակիցները։ Նրա առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտնել է, որ կուսակցության անդամները կհերթապահեն Լեհական հեռուստատեսության շենքի մոտ։ Լեհական ԶԼՄ-ների տվյալներով՝ TVP INFO պետական տեղեկատվական ալիքը դադարեցրել է հեռարձակումը, նրա օնլայն-պորտալը եւս անհասանելի է օգտատերերի համար։

Դեկտեմբերի 20-ին Լեհաստանի մշակույթի նոր նախարար Բարտոլոմեյ Սենկեւիչը ազատել էր պետական հեռուստա-ռադիոընկերության եւ Լեհաստանի մամուլի գործակալության ղեկավարներին մեկ օր առաջ Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) կողմից ընդունված «Իրավակարգի վերականգնման, զանգվածային լրատվամիջոցների անկողմնակալության եւ հուսալիության եւ Լեհական մամուլի գործակալության մասին» որոշման շրջանակում։