Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց Համաշխարհային բանկը կոչ է արել պայմաններ ստեղծել բանկերին եւ բնակչությանն ունեցած պարտքերի վերաձեւակերպման համար, բայց ոչ պետական միջոցների հաշվին:

Ինչպես ասված է Համաշխարհային բանկի նոր՝ «Անցումային փուլի երկրորդ տասնամյակի վերջի փոթորիկը. Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ նախկին Խորհրդային Միության երկրներում տնտեսության վերականգնումն ու բարեփոխումները» զեկույցում, որ հրապարակել է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը, նախկին Խորհրդային Միության աղքատ երկրները, որոնք ֆինանսապես առավել քիչ են ինտեգրված միջազգային տնտեսությանը, ճգնաժամ են ապրում՝ առաջին հերթին արտահանման ծավալների նվազման եւ ՌԴ տնտեսական անկմանը որպես հետեւանք գումարային փոխանցումների կրճատման պատճառով:

Զեկույցում նշվում է, որ տնտեսական աճի անորոշ հեռանկարները ընդգծում են բանկերի, կորպորացիաների եւ բնակչության պարտքերի վերաձեւակերպման անհապաղ իրականացման անհրաժեշտությունը: Կառավարություններին հորդորվում է համապատասխան նորմատիվ-իրավական հիմք ընդունել, որը թույլ կտա վերաձեւակերպել պարտքերը, բայց միեւնույն ժամանակ ձեռնպահ մնալ այդ նպատակով պետական միջոցներն օգտագործելուց: