ՄԱԿ-ի կանխատեսումը, թե աշխարհի 7 միլիարդերորդ երեխան ծնվելու է այս տարվա հոկտեմբերի 31-ին, արվել է` նկատի ունենալով, թե աշխարհում օրական քանի երեխա է ծնվում եւ երբ է սպավում 7 միլիարդերորդ երեխայի ծնունդը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ այն երկրներում, որտեղ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը գրասենյակ ունի, նշում է այդ առիթը: Եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ու Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը լրագրողներին հրավիրում են Արթիկի ծննդատուն՝ նշելու աշխարհում 7 միլիարդերորդ երեխայի ծնունդը: Նրա խոսքով` ոչ ոք չի կարող հստակ ասել, թե 7 միլիարդերորդ երեխան որ երկրում կծնվի, որ ժամին եւ այլն: «7 միլիարդերորդ երեխան կարող է ծնվել Արթիկում կամ այլ տեղ, դա սիմվոլիկ է: Ոչ ոք չի պլանավորում, թե այդ երեխան կծնվի Արթիկում, Ղուկասյանում, թե Արարատում: Կարող է տվյալ պահին ծնվի, կարող է ծնվել դրանից առաջ, կամ դրանից հետո»,- նշեց Ռազմիկ Աբրահամյանը: Իսկ թե ինչու են աշխարհի 7 միլիարդերորդ երեխայի ծնունդը Հայաստանում որոշել տոնել հենց Արթիկում, Աբրահամյանը դա պատճառաբանեց այն հանգամանքով, որ Արթիկը, հեռու է մայրաքաղաքից, մեկուսացված է բանուկ ճանապարհից եւ այդտեղի ծննդատունը իսկապես օգնության կարիք ունի: Արթիկում ծնված որեւէ երեխայի նվիրատվություն կարվի այդ առթիվ, ինչպես նաեւ նախատեսվում է Արթիկի ծննդատանը նվիրել շարժական էխոսկոպ:




























