ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 1 մլն 500 հազար դրամով տուգանել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր:
Հարցերից երեքը վերաբերել են «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության դեպքերին: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել «Մանուկյան եւ գործընկերներ» ՍՊԸ դիմումի հիման վրա, որը օղու արտադրությամբ զբաղվող ռուսական մի քանի ընկերությունների` մտավոր սեփականության հարցերով շահերի ներկայացուցիչն է Հայաստանում:
Համաձայն դիմումի, «Ալեքս Գրիգ» ընկերությունը արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են «Սլավյանսկայա», «Պառլամենտ գրուպ», «Պառլամենտ դիստրիբյուշն» եւ «Ռուսսկիյ Բրիլլիանտ» ընկերությունների արտադրած օղիների ապրանքային նշաններին: Տվյալ ապրանքային նշանները վերոհիշյալ ընկերությունների կողմից միջազգային գրանցում են ստացել եւ ենթակա են պահպանման նաեւ Հայաստանում:
Հարուցված վարույթի շրջանակներում փորձաքննություն է անցկացվել, որն էլ հաստատել է, որ «Ալեքս Գրիգ»-ի կողմից արտադրվող օղիների ապրանքային նշանները եւ վերոհիշյալ ընկերությունների կողմից վիճարկվող ապրանքային նշանները («Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» եւ «Բուֆետնայա Տրադիցիա») գրաֆիկական եւ իմաստային առումով շփոթության աստիճան նման են այլ տնտեսվարողների պատկանող ապրանքային նշաններին:
Հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերության վերոհիշյալ վարքագիծը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն եւ յուրաքանչյուր դեպքի համար «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին ՀՀ օրենքի համաձայն տուգանել 500 հազար դրամով (ընդհանուր առմամբ` 1 մլն 500 հազար դրամ):
Ընկերությանը հանձնարարվել է 10-օրյա ժամկետում դադարեցնել եւ հետագայում բացառել օղու ապօրինի արտադրությունն ու իրացումը, մեկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից:



























