2010 թվականի բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ծախսերը կազմել են 125 միլիոն դրամ, այն դեպքում երբ այս տարի այդ ցուցանիշը եղել է 135 միլիոն դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով, հիմնականում կրճատվել են էներգետիկ, կապի ծառայությունների եւ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը: «Մենք ենք կողմնակից եղել, որ արտասահմանյան գործուղումների ծախսերը կրճատվեն, որովհետեւ այստեղ եթե կարեւոր հանդիպում է, շատ դեպքերում կանչող կողմը կամ դոնոր կազմակերպություններն են ֆինանսավորում: Մեզ համար շատ ավելի կարեւոր էր, որպեսզի ներքին գործուղումները չկրճատվեն: Այսինքն մեզ համար ամենաքիչ վտանգավոր տողերն են կրճատվել, եւ այդ տեսակետից կառավարության հետ բանակցությունները համարում եմ դրական»,- ասաց նա:

Ա. Հարությունյանը նշեց, որ ՄԻՊ-ի 47 հոգանոց աշխատակազմից միայն 27-28-ն են մասնագետներ, որոնց կեսը վերջին երկու տարվա ընթացքում ցածր վարձատրության պատճառով հեռացել են համակարգից: Միջին աշխատավարձը ՄԻՊ գրասենյակում 119 հազար դրամ է:

Հարցին, թե արդյո՞ք Պաշտպանը փորձելու է կառավարությանը համոզել, որ իրենց աշխատակիցների աշխատավարձը բարձրացվի, նա պատասխանեց. «Դա պետք է փորձես, եթե տեսնես, որ այդ հնարավորությունը կա: Բյուջեի կրճատումների ֆոնին խոսել աշխատավարձի բարձրացման մասին, պարզապես ռեալ չէր լինի, այլ կլիներ պոպուլիզմ: Բայց եթե ճգնաժամը չլիներ, ամեն ինչ նորմալ լիներ, իհարկե, պետք է բարձրացնել աշխատավարձը»:

Նա նշեց նաեւ, որ եթե այս տարի իրենք կարողացել են տարվա ընթացքում 2-3 անգամ այցելել մարզեր, ապա 2010-ին կկարողանան ամեն մարզ այցելել միայն մեկ անգամ: «Այդ այցելությունների ժամանակ ամբողջ խմբով գնում ենք, որից հետո արագ արձագանքման խմբերը մնում են 2 օր»,- ասաց Պաշտպանը:

Հարցին, թե արդյո՞ք դա չի ազդի գրասենյակի արդյունավետության վրա, Ա. Հարությունյանն արձագանքեց. «Հիմնական գործառույթները կկարողանանք իրականացնել: Իհարկե, դա դժվար կլինի, բայց ամենահիմնական ծախսերը մնացել են»: