Ադրբեջանի եւ Իրանի կողմից գործադրվող ճնշումներից ելնելով՝ Թուրքիան ստիպված կլինի վերանայել երկիր մատակարարվող գազի սակագները։ Այդ մասին հայտնում է թուրքական ZAMAN թերթը։ Ինչպես Ստամբուլում կայացած 11-րդ միջազգային էներգետիկ համաժողովից հետո հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, Թուրքիան պետք է վերանայի Իրանին եւ Ադրբեջանին տրվող իր «գազային վճարումները», քանի որ գնային վերջին պայմանավորվածությունից հետո անմշակ նավթի գինը բարձրացել է 50 տոկոսով, բացի այդ՝ փոխվել է նաեւ արժույթի փոխարժեքը։

Ինչպես բացատրել է նախարարը, Ադրբեջանին եւ Իրանին տրվող լրացուցիչ վճարումները կիրականացվեն գազատարների թուրքական պետական կորպորացիայի բյուջեի հաշվին։ Նախարարը նշել է, որ գազի գնի թանկացումները վատ կանդրադառնան Նոր տարում բյուջեի ավելացմանը հասնելուն։

Նա նաեւ հայտնել է էլեկտրաէներգիայի մատակարարման կարգավորման մասին, որտեղ մի քանի ընկերություներ հանդես են գալիս որպես մեկ մասնակից։ Թուրքիայի կառավարության նպատակը այդ ընկերություններից ցածր գներով էլեկտրաէներգիա ձեռք բերելն է։ Ներկայումս այդ հարցը քննարկման փուլում է։ Թուրքիա ներմուծվող էլեկտրաէներգիայի գինը տատանվում է 0.134-ից 0.154 դոլար կվտ/ժ դիմաց, ինչը 27 տոկոսով քիչ է այժմ ներկրվող էլեկտրաէներգիայի գնից։ Նախարարը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս աշխատում է իր էներգաաղբյուրների դիվերսիֆիկացիայի վրա, եւ այդ հարցը մի քանի ամսից կներկայացվի Ազգային մեծ ժողովի քննարկմանը։