France Telecom ընկերությունը (բրենդը՝ Orange) պաշտոնապես մտավ հայկական շուկա: Հայաստանը դարձավ 31-րդ երկիրը, որտեղ այդ ընկերությունը ներկայացված է: Նոյեմբերի 5-ին կայացած միջոցառմանը ընկերության ղեկավարները նշեցին, որ իրենց գլխավոր նպատակն է հաճախորդներին մատչելի ծառայություններ մատուցելը, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների համար ցածր տարիֆների միջոցով՝ 5-35 դրամ՝ կախված ծառայությունների փաթեթից, եւ ինտերնետի որակից:

Orange-ի ցանցն արդեն ծածկել է Հայաստանի տարածքի 85 տոկոսը, ինչը գործնականում թույլ է տալիս երկրի ցանկացած կետից օգտվել ցանցի 3G եւ 3G+ ծառայություններից: Orange-ի փոխտնօրեն Օլադ Սուանտիի խոսքերով, ինտերնետ կապը բարձր որակի է լինելու: Ըստ նրա՝ հիմնական օպտիկա-մանրաթելային մալուխը Հայաստանից Իրանի տարածքով հասնում է եվրոպա: Այդ մալուխը ընկերությանը սեփականությունն է, որը գնվել է GNC-Alfa ընկերությունից:

Ընկերության ղեկավարությունը նաեւ հայտնել է, որ Orange-ի ռոումինգի ծառայությունը եւս մատչելի կլինի հաճախորդների համար, իսկ այն երկրներում, որտեղ ներկայացված են իրենք, հատուկ գներ կգործեն: Ռոումինգը գործելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում, քանի որ, ըստ ընկերության ղեկավար Դիդիե Լոմբարի, Orange-ը ծածկելու է միայն Հայաստանի տարածքը:

Orange-ի գործունեության պաշտոնական մեկնարկի պահին Հայաստանում մոտ 70 հազար մարդ ցանկություն են հայտնել միանալ այդ ցանցին, ինչը ըստ ընկերության ղեկավարության, բավական լավ մեկնարկ է: