Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն 2024թ. առաջին կեսին կավարտեն ընդլայնված զսպման ուժեղացված համակարգի ձեւավորումը՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռամիջուկային սպառնալիքին դիմակայելու նպատակով։ Այս մասին ամանորյա ուղերձում հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը։

«Մինչեւ այս տարվա առաջին կեսի [վերջ] մենք կավարտենք ընդլայնված զսպման կորեա-ամերիկյան ամրացված համակարգը, որպեսզի դիմակայենք հյուսիսկորեական բոլոր միջուկային եւ հրթիռային սպառնալիքներին դրանց ծագման վայրում»,- նախագահի խոսքերը մեջբերել է Yonhap գործակալությունը։ Ընդլայնված զսպում ասելով նկատի է առնվում Վաշինգտոնի՝ բոլոր միջոցները (ներառյալ միջուկայինը) կիրառելու պատրաստակամությունը դաշնակցի պաշտպանության նպատակով։

Յուն Սոկ Յոլն ասել է, որ Հարավային Կորեայի իշխանությունները կշարունակեն կատարելագործել Հյուսիսային Կորեայի սպառնալիքների զսպման «երեք առանցքների» համակարգը արագացված տեմպերով։ Նա կրկնել է, որ Կորեայի Հանրապետությունը ձգտում է «իսկական եւ երկարաժամկետ խաղաղության՝ հիմնված ուժի վրա», այլ ոչ թե «խաղաղության, որը կախված է հակառակորդի բարի կամքից»։ Նախագահը խոստացել է պաշտպանել կարեւոր քաղաքացիական եւ կառավարական օբյեկտները կիբեռոլորտի տարբեր սպառնալիքներից։

Դեկտեմբերի կեսին տեղի է ունեցել Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ միջուկային պլանավորման խորհրդատվական խմբի երկրորդ նիստը։ Նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավարի տեղակալ Կիմ Թհե Հյոն նրանից հետո ասել է, որ Սեուլը եւ Վաշինգտոնը պայմանավորվել են մինչեւ 2024թ. կեսն ավարտել հիմնական սկզբունքների ձեւակերպումը միջուկային ոլորտի ռազմավարությունների պլանավորման եւ իրականացման առումով։ «Այլ խոսքով՝ մենք պայմանավորվել ենք ավարտել Հյուսիսային Կորեայի սպառնալիքների զսպման եւ արձագանքման ընդհանուր սկզբունքների ձեւակերպումը»,- նշել է նա։