Ղազախստանի իշխանությունները հունվարից մտցրել են օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց պարտադիր դակտիլոսկոպիկ գրանցում՝ փաստաթղթերը ձեւակերպելիս։ Հանրապետության քաղաքացիների համար այդ ընթացակարգն անցնելը կամովին է։

Ինչպես մինչ այդ նշել էին երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունում, օտարերկրացիները պետք է մատնահետք հանձնեն հանրապետությունում մշտական (կամ ժամանակավոր) կեցության թույլտվություն, վիզաներ, քաղաքացիություն չունեցող անձանց, ապաստան փնտրող անձանց, փախստականի վկայականներ ձեւակերպելու համար։ Երկրից վտարման ենթակա անձինք նույնպես դակտիլոսկոպիա են անցնելու։

Գերատեսչությունում նշել են, որ օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, իսկ չունենալու դեպքում՝ անձը հաստատող տեղեկանք։ Պարտադիր դակտիլոսկոպիկ գրանցումից հրաժարվելը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ երկրից վտարման ձեւով։

Դակտիլոսկոպիկ գրանցումը կատարվելու է միգրացիոն ծառայության ստորաբաժանումներում։

Ղազախստանի քաղաքացիների համար, որոնք կդիմեն անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար, հունվարի 1-ից մտցվում է ինքնակամ դակտիլոսկոպիկ գրանցում։