Ճապոնական Կանաձավա քաղաքի (Իսիկավա պրեֆեկտուրա) 1,3 հազար բնակիչ ստիպված է եղել տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառով, որի մասին հայտարարվել է հզոր երկրաշարժերի շարքից հետո։ Այս մասին տեղեկացրել են պրեֆեկտուրայի իշխանությունները։

Նշվել է, որ խոսքը քաղաքի մերձափնյա գոտու բնակիչների մասին է։ Ներկայում նրանք գտնվում են հատուկ տարհանման կենտրոններում, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Մոտ 500 մարդ էլ նույն պատճառով տարհանվել է Նիիգատա պրեֆեկտուրայում, նրանց կյանքին եւս ոչ մի վտանգ չի սպառնում։ Վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարության տվյալների համաձայն՝ տարհանման կարգադրություն են ստացել Ակիտա, Ֆուկուի, Տոտորի, Ֆուկուոկա եւ Սիգա պրեֆեկտուրաների ափամերձ շրջանների ավելի քան 50 հազար բնակիչներ։

Միեւնույն ժամանակ, տեղի իշխանությունների տվյալներով՝ Իսիկավա պրեֆեկտուրայում գրանցվել է առնվազն վեց փայտե տների փլուզում երկրաշարժերի պատճառով։ Դրանց բնակիչները գտնվում են փլատակների տակ, տեղում աշխատում են փրկարար ծառայությունները։