Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 45-ամյակի առիթով, տեղեկացրել է «Սինհուան»։
Սի Ծինփինն իր ուղերձում նշել է, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարեւոր իրադարձություն է երկկողմ եւ միջազգային հարաբերությունների պատմության մեջ։
Անցած 45 տարիներին հարաբերությունները Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ունեցել են թռիչքներ եւ անկումներ եւ ընդհանուր առմամբ առաջ են շարժվել, ինչը ոչ միայն բարձրացրել է երկու ժողովուրդների բարեկեցությունը, այլեւ նպաստել է խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանն ամբողջ աշխարհում, ասել է Չինաստանի նախագահը։
ԱՄՆ նախագահն իր ուղերձում հայտնել է, որ 1979թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ կապերը նպաստել են ԱՄՆ-ի, Չինաստանի եւ ամբողջ աշխարհի բարգավաճմանն ու հնարավորությունների ավելացմանը։
Բայդենը հայտնել է, որ մտադիր է պատասխանատու կերպով կառավարել կարեւոր ամերիկա-չինական հարաբերությունները, եւ ավելացրել է, որ ակնկալում է կապերի հետագա զարգացում առաջընթացի հիման վրա, որը ձեռք է բերվել երկու ղեկավարների նախորդների օրոք, ինչպես նաեւ երկու պետությունների ղեկավարների բազմաթիվ հանդիպումների եւ բանավեճերի միջոցով։





























