Թուրքական կառավարությունն աճող մտահոգություն է հայտնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև շարունակվող պատերազմի ամբողջ Մերձավոր Արևելքում հնարավոր տարածման առնչությամբ ռազմական էսկալացիայի ֆոնին, որն առաջացել է Իրանում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների և Իրանում օբյեկտների   վրա հարձակումների հետևանքով, գրում է Hyurriet-ը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 3-ին հանդիպել է Անկարայի մեդիա բյուրոյի ղեկավարների հետ և քննարկել տարածաշրջանի զարգացումները, մասնավորապես Գազայում շարունակվող հակամարտությունը, որն անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի անվտանգության ուժերի կողմից խլել է ավելի քան 20,000 խաղաղ բնակչի կյանք:  

«Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումները ցույց են տալիս տարածաշրջանում լարվածության սրման մասշտաբները, որոնց մասին մենք վաղուց զգուշացրել ենք: Պատերազմի տարածումը տարածաշրջանում լուրջ վտանգ է ներկայացնում»,- լրագրողներին ասել է Ֆիդանը:

«Ինչպես գիտեք, անկախ Պաղեստինի խնդրից, տարածաշրջանի որոշ երկրներ տարբեր խնդիրներ ունեն Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ։ Սա բազմատեսանկյուն հակամարտություն է, որը ժամանակ առ ժամանակ հետախուզության ոլորտից վերաճում է զինված հակամարտության»,- ասել է նա։

Ֆիդանը ընդգծել է, որ դժվար է կանխատեսել, թե որքանով է այս նոր սրացումը կապված պաղեստինյան խնդրի հետ։ «Սակայն, ի վերջո, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարծես թե կապված է Գազայում շարունակվող կոտորածի հետ: Այս պատերազմի տարածման իրական վտանգ կա։ Մենք դա բացատրում ենք ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան երկրներին»,- հավելել է նա: