Նոյեմբերի 3-ին Վաշինգտոնում` ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստան-ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Հայաստանի ԱԳն մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը ղեկավարել է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Պատվիրակության կազմում են եղել պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը եւ այլ պաշտոնատար անձինք, իսկ ամերիկյան կողմից նիստը համանախագահել է Պետքարտուղարության Եվրոպային եւ Եվրասիային օգնության համակարգող Դանիել Ռոզենբլումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Թինա Քայդենաուն եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Հանձնաժողովի նիստին քննարկվել են Հայաստանում գործարարության մթնոլորտի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության եւ կառավարման համակարգի բարեփոխումներին առնչվող օրակարգային հարցեր: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նշված ոլորտներում ձեռք բերած նվաճումներն ու առաջիկայում ծրագրված միջոցառումները:

Հայկական պատվիրակությունը առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ Պետքարտուղարությունում, Առեւտրի դեպարտամենտում, ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի գրասենյակում, Համաշխարհային բանկում եւ Արժույթի միջազգային հիմնադրամում:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրվել է Գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որը կխթանի համագործակցությունը երկու երկրների միջեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտելեկտուալ սեփականության, հիմնարար գիտությունների ոլորտներում: