Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեքշաբթի օրը պայթել է միկրոավտոբուսին ամրացված ռումբը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երեք խաղաղ բնակիչ, ևս չորսը` վիրավորվել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ոստիկանության խոսնակ Խալիդ Զադրանը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի արևելյան հատվածում՝ Ալոհաիլ շրջանում։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, և մեկ կասկածյալ բերման է ենթարկվել, ասել է նա։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Ավելի վաղ «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել էր արևմտյան Քաբուլում միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել էր առնվազն հինգ մարդ։
ԻՊ-ի մասնաճյուղը եղել է Թալիբանի հիմնական մրցակիցը այն բանից հետո, երբ վերջիններս վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի վրա 2021 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ-ի և այլ զորքերի դուրսբերումից հետո: ԴԱԻՇ-ի զինյալները հարվածներ են հասցնում Քաբուլում և հյուսիսային նահանգներում։





























