Շվեդիան համաձայնել է «Հյուսիսային հոսք» (Nord Stream) գազատարի կառուցմանը՝ Բալթիկ ծովի իր տարածքային ջրերում: Այդ մասին նոեյմբերի 5-ին հայտարարել է Շվեդիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Անդրեաս Կառլգրենը:

Շվեդ նախարարի խոսքերով, նախքան նման որոշում ընդունելը՝ երկրի կառավարությունն եւ համապատասխան գերատեսչությունները ուշադիր ուսումնասիրել են ներկայացված փաստաթղթերը եւ չեն հայտնաբերել երկրի օրենսդրությանը հակասող որեւէ կետ:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղոդրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Կառլգրենն ընդգծել է, թե Շվեդիայի հրաժարումը կարող էր դիտվել որպես միջազգային իրավունքի խախտում:

Ավելի վաղ 1,22 հազար կմ երկարությամբ գազատարը Բալթիկ ծովով Ռուսաստանից դեպի Գերմանիա կառուցելուն հավանություն էր տվել Դանիան: Սպասվում է, որ դրական պատասխան կտա նաեւ Ֆինլանդիան:

Իրականացման դեպքում գազատարը կդառնա ռուսական գազը Եվրոպա հասցնելու սկզբունքորեն նոր ուղի: