Արդարադատության նախարարությունը մտադիր է բարձրացնել ուղղիչ հիմնարկների աշխատողների վերապատրաստման արդյունավետությունը։ Այս մասին Ազգային ժողովում, «Ուղղիչ ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման քննարկման ժամանակ, հունվարի 15-ին ասել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Լեւոն Բալյանը։
Նրա խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերապատրաստման արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ ուղղիչ հաստատությունների աշխատակիցների հատուկ ուսուցման գործընթացով։ «Ներկայում, եթե հաստատության աշխատակիցը անբավարար արդյունք ստանա թեստը հանձնելիս, ոչ մի իրավական հետեւանք նախատեսված չէ, ինչը, մեր կարծիքով, ճիշտ չէ ոչ իրավաբանական, ոչ գործնական տեսակետից։ Իսկ այժմ թեստերի կրկնակի ձախողման դեպքում ուղղիչ հաստատության աշխատակիցը կազատվի»,- նշել է պաշտոնյան։





























