Վրաստանը շատ սերտ հարաբերություններ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, նրանք եղբայրներ և բարեկամներ են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացված քննարկումներից մեկում՝ հայտնում է Առաջին վրացական ալիքը։
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ նրանք ցանկանում են շփումներ ունենալ երկկողմ մակարդակով, ինչը, ըստ Ղարիբաշվիլիի, ճիշտ ճանապարհ է։
«Երկու տարի առաջ ես փորձեցի միջնորդություն իրականացնել: Մենք ունեցանք հաջող առաջին միջնորդությունը, երբ Ադրբեջանն ազատ արձակեց 15 գերիների, իսկ Հայաստանը Ադրբեջանին հանձնեց ականապատ տարածքների քարտեզները։ Դա հաջող փորձ էր։ Բայց սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Ավելացնեմ, որ ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, որ նրանք ցանկանում են միմյանց հետ շփվել երկկողմ մակարդակով։ Անձամբ ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, քանի որ այսքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի առկայության դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և հակաարդյունավետ։ Ըստ այդմ՝ հաջողություն եմ մաղթում նրանց։ Ես իսկապես հույս ունեմ, որ նրանք մոտ ապագայում լուծում կգտնեն եւ խաղաղության պայմանագիր կստորագրեն»,- նշել է Ղարիբաշվիլին։





























