Ռուսաստանի հետաքննական կոմիտեն եւ Գլխավոր  դատախազությունը ստուգումներ են իրականացնում գլխավոր կազմակերպատեսչական վարչության պետի տեղակալ, գլխավոր դատախազության տեսչական վարչության  պետ, գեներալ-լեյտենանտ Գենադի Նիսիֆորովի նկատմամբ:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», ստուգումների առիթ է դարձել գեներալի քարտուղարուհու դիմումը, որով գեներալը  մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:  35-ամյա քարտուղարուհի Նատալյան (ազգանունը չի հայտնվում)  աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ինչից հետո դիմել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն /ԱԴԾ/` հայտնելով, որ ղեկավարն իր հանդեպ ոտնձգություններ է կատարել նվազագույնը երկու անգամ` անցած տարվա ամռանը եւ այս տարվա սեպտեմբերին, գրում է Lenta.ru-ն:

Վերջին անգամ դա իբրեւ թե տեղի է ունեցել գեներալի հանգստի սենյակում, որտեղ քարտուղարուհին նրա խնդրանքով թեյ էր պատրաստում:  Գեներալը, նրա խոսքով, կողպել է դուռը եւ  ուժ գործադրելով փորձել է ուզածին հասնել: Նատալյային հաջողվել է ճողոպրել միջանցք եւ աղմուկ բարձրացնել, որի արդյունքում հավաքվել են վարչության աշխատակիցները, գրում է РБК-ն:

Նիսիֆորովը ոտնձգությունների հետ կապված այս պատմությունը, ինչպես սպասելի էր, սադրանք է անվանել: