Արարատի ոսկու գործարանի պոչամբարը, որը Սեւանից տեղափոխվել է Արարատ, Սևան չի վերադառնա: Այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: «Ես ձեզ հավատացնում եմ, որ այն Սևանի ավազան չի տեղափոխվելու: Դա հանձնաժողովի միանշանակ կարծիքն է»,-ասել է Վ. Մովսիսյանը, նկատելով, որ «Սևանի մասին» օրենքի 10-րդ հոդվածի «դ» կետով արգելված է Սևանի ավազանում հանքարդյունաբերության օբյեկտների կառուցումը: Նրա ներկայացմամբ, այսօր Սևանում գործում են 29 տարբեր հանքեր` քարի, ավազի և այլն, ինչպես նաեւ Սոտքի հանքավայրը, որտեղից հանքանյութը տեղափոխվում է Արարատ:
Վ. Մովսիսյանը նշեց նաեւ, որ այսօր Սևան են թափվում 28 գետի ջրեր, որոնք մաքուր չեն: «Մեր 28 գետերն էլ ապականված են: Բերեք չթաքցնենք իրարից, ինչ ունենք, ունենք: Սխալի կեսից ետ դառնալը օգուտ է»,- ասել է նա, հավելելով, որ եթե ջրի մաքրությունը չի պահպանվում, ափերը չեն մաքրվում, եւ կենսաբազմազանություն չի ապահովվում, ապա լճի մակարդակի բարձրացումը դառնում է ինքնանպատակ: «Եթե մենք Սևանում չենք ունենում խմելու ջուր, ուզում եք վեց մետրով բարձրացրեք, ուզում եք բերեք նախկին մակարդակի, ջրի որակը չի փոխվելու»,-ընդգծել է հանձնաժողովի ղեկավարը, միաժամանակ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ են իրականացվում` կառուցվում ու վերանորոգվում են կոյուղագծեր, մաքրման կայաններ, որոնք շահագործման կհանձվեն 2011 թվականին:
Ինչ վերաբերում է լճի կենսաբազմազանությանը, ապա կան առաջարկներ, ըստ որի, պետք է 3-4 տարով դադարեցնել ձկնորսությունը և թույլ տալ միայն խեցգետնի և կարասի որսը ափամերձ տարածքներում:



















