Արգենտինայում այրվում է «Լոս Ալերսես» ազգային պարկը, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այս մասին տեղեկացրել է Telam գործակալությունը։

Ազգային պարկի արտակարգ ծառայության պետ Մարիո Կարդենասի խոսքով՝ հրդեհը ներկա պահին ակտիվ է բոլոր տեղամասերում, արդեն այրվում է ավելի քան հազար հեկտար։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 250 հրշեջ։

«Լոս Ալերսես» ազգային պարկը ստեղծվել է 1937թ.՝ տեղի բնական լանդշաֆտների պահպանության համար։ 2017թ. այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Պարկում է գտնվում երկրի ֆիցրոյայի ծառերի ամենամեծ անտառը։ Դրանք հսկայական փշատերեւ ծառեր են, որոնք աճում են միայն Չիլիում եւ Արգենտինայում։