Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 5-ին ընդունել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարին, փոխնախագահ Օլաֆ Սուանտիին, «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութային եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին:

Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «Օրանժ Արմենիա» երրորդ բջջային օպերատորի գործունեությունը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով «Ֆրանս Տելեկոմ»-ի պատվիրակությանը Հայաստանում` Սերժ Սարգսյանն ասել է. «Մեկ տարուց էլ պակաս ժամանակ է անցել, երբ Ձեզ հետ միասին քննարկում էինք „Օրանժ“-ի մուտքը Հայաստան: Ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ իրականացնել ծրագրի, այսպես ասենք, մեկ փուլը: Մենք խորապես շահագրգռված ենք հեղինակավոր միջազգային բրենդների, կազմակերպությունների մուտքով Հայաստան, եւ վստահ եմ, որ „Օրանժի“ գործունեությունը մեր երկրում դրականորեն է ազդելու ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլեւ ընդհանրապես բիզնես մթնոլորտի վրա»: Երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել` այսուհետ եւս օժանդակելու, որպեսզի «Օրանժ Արմենիան» կարողանա մատչելի եւ բարձրակարգ ծառայություններ մատուցել մեր ժողովրդին:

«Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարն ասել է, որ այս օրը բացառիկ է «Օրանժ»-ի համար: «Բացի բջջային հեռախոսացանցից, սա նաեւ ինտերնետային ցանց է: Մեր նպատակն է ցանկացած նորամուծություն, նորարարություն բերել Հայաստան»,- նշել է «Ֆրանս Տելեկոմ»-ի ղեկավարը՝ ներկայացնելով իրենց մրցակցային առավելությունները: