Մնում է միայն տեսնել, թե Ադրբեջանը կհրաժարվի՞ ռազմատենչ քաղաքականությունից եւ ագրեսիվ հայտարարություններից ՄԱԿ-ի ԱԽ-ում: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Վերջին ժամանակներս, ըստ Նալբանդյանի, Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու հետ կապված, բազմաթիվ զգացմունքային հայտարարություններ են հնչել. «Ադրբեջանը հասավ», «Ադրբեջանին հաջողվեց» եւ այլն:

«Ինչ վերաբերում է ԼՂ խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի հարթություն տեղափոխելուն, ցանկանում եմ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ են, հայտարարել են, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հետեւաբար անհրաժեշտություն չկա զգացմունքների գիրկն ընկնել Ադրբեջանի ինչ-որ հայտարարություններից»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Նա անդրադարձել է նաեւ Բաքվից հնչող այն տեսակետին, թե ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղ է զբաղեցրել միջազգային օժանդակությամբ, նշելով, որ իր այսօրվա քաղաքականությամբ, Ադրբեջանն ինքն իրեն դրել է փակուղու առաջ:

«Միջազգային հանրությունն արդեն հնչեցրել է իր տեսակետը, որը համընկնում է Հայաստանի դիրքորոշման եւ չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,- հիշեցրել է Նալբանդյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի դիրքորոշման բնույթն իրեն դրսեւորել է Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ, երբ այդ երկիրը խուսափեց կողմերին ներկայացված փաստաթղթից:

«Տեսնենք, թե կարո՞ղ է հիմա Ադրբեջանը հրաժարվել իր ռազմատենչ քաղաքականությունից եւ ագրեսիվ հայտարարություններից, թեեւ դրան հավատալը դժվար է: Հայաստանը կշարունակի հավասարակշռված եւ հանդարտ քաղաքականությունը, առանց որեւէ նյարդային ցնցումների, ինչպես ղարաբաղյան խնդրի կարգավորման, այնպես էլ իր անվտանգության ապահովման հարցերում»,- ամփոփել է Հայաստանի ԱԳ նախարարը: