Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ աղետի գոտում իրականացվող բնակարանային ապահովման շինարարական ծրագրի շրջանակներում, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 2009-2010թթ. կառուցվել եւ շահագործման է հանձնվել 303 բնակելի տուն:

Մինչև 10 շահառու ունեցող գյուղական բնակավայրերում 2009թ. բնակարանների գնման վկայագրերի միջոցով (ԲԳՎ) լուծվել է 6 ընտանիքի բնակապահովման խնդիր:

2011թ. կառուցվել եւ շահագործման է հանձնվել 153 բնակելի տուն: Լոռու մարզի քաղաքային բնակավայրերում 2009-2010թթ. կառուցվել եւ շահագործման է հանձնվել՝ Սպիտակում 220 բնակելի տուն, Ստեփանավանում 4 բնակելի տուն: Հերթացուցակում առկա 50 ընտանիքից 43-ն արդեն ստացել են բնակարաններ: Ստեփանավան քաղաքում բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած շահառու ընտանիքների բնակապահովման խնդիրները լուծվել են: Վանաձորում իրացվել է 3 ԲԳՎ, Գուգարք գյուղական համայնքում բազմաբնակարան շենքում բնակարան կորցրած 15 ընտանիք եւս բնակարանային պայմանները բավարարել են ԲԳՎ-ների միջոցով:

Նոյեմբերի 1-ի դրությամբ Լոռու մարզում լուծվել է 708 ընտանիքի բնակարանային խնդիր. գյուղական բնակավայրերում՝  477, քաղաքային բնակավայրերում՝  231: