«Հաշվի առնելով, որ 2009 եւ 2010 թվականներին, զուտ ճգնաժամով պայմանավորված, ճշգրիտ կանխատեսումներ անել չենք կարող, ես ձեռնպահ եմ մնում սակագների փոփոխության վերաբերյալ որեւէ թիվ հայտարարելուց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այսուհանդերձ նա նշեց, որ սակագներն ամենայն հավանականությամբ կփոխվեն 2010-ի ընթացքում:
Նա նշեց, որ 2010 թվականի ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խմ դիմաց 154 դոլարից կբարձրանա հասնելով 180 դոլարի: «Եթե հաշվի առնենք նաեւ, որ 2009 թվականի ապրիլի 1-ին, երբ հաստատում էինք գազի սակագինը, դոլարի փոխարժեքը 303,63 դրամ էինք ընդունել, ապա այդ երկու գործոնները հաշվի առնելով, այո, գազի սակագինը կբարձրանա: Կճշգրտենք նաեւ մյուս գործոնները եւ դրամ-դոլար հարաբերակցությունն էլ կհասկանանք, ինչ չափի կլինի, որն արդեն այսօր 386 դրամ է, 2010-ի ապրիլի 1-ին 400 կլինի, թե 390 կամ 410, այդ բոլորը ճշգրտելուց հետո, եկող տարվա ապրիլի 1-ին կունենանք նոր սակագներ»,- ասաց նա:
Հարցին, թե ե՞րբ արդեն հստակ կլինի, թե որքան է բարձրանալու գազի սակագինը սպառողների համար, Ռ. Նազարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ „Հայռուսգազարդ“ ընկերությունը 2010-ի հունվարի 15-ից հետո հայտով կդիմի մեր հանձնաժողովին, եւ մենք կփորձենք վերանայել հայտը: Հայտի վերանայման համար մեզ բավականին ժամանակ է տրված, գործում ենք թափանցիկ»:
Նա նաեւ ընդգծեց, որ դա ուղղակի կապված է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի հետ: «Մասնավորապես մենք ունենք 24-25 տոկոս ջերմային էլեկտրակայաններից արտադրվող էլեկտրաէներգիա՝ ամբողջ ծավալի մեջ, եւ կարծում եմ, որ դա բավականաչափ ազդեցություն է ունենում էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,- ասաց Ռ. Նազարյան ու հավելեց. «Այս տարին տարբերվելու է նախորդ տարիներից, քանի որ նոր էներգաբլոկ է շահագործման հանձնվելու` Երեւան ՋԷԿ-ի նոր բլոկը՝ գազատուրբինային համակարգով, որի արդյունավետությունը ավելի բարձր է, քան հիմա գործող ՋԷԿ-երինը եւ հնարավոր կլինի սակագինը, այդ գործոնով պայմանավորված, մեղմացնել»:



























