Իսրայելում, այսօր` նոյեմբերի 7-ին, համընդհանուր գործադուլ է, որին մասնակցում են տրանսպորտի ոլորտի, պետական եւ տեղական սեկտորի աշխատակիցները: Չեն աշխատում նաեւ փոստը, բանկերը, բորսաները եւ ուսումնական հաստատությունների մի մասը: Աշխատանքային վեճերի համաիսրայելական դատարանն իրա արտահերթ, գիշերային նիստում չի արգելել գործադուլի անցկացումը, բայց սահմանափակել է դրա անցկացման ժամանակւ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Դատավորները որոշել են, որ տեղի ժամանակով 06:00-ին սկսված գործադուլը պետք է դադարեցվի ժամը 10:00-ին եւ պարտավորեցրել են Աշխատանքի համընդհանուր ֆեդերացիային եւ պետական կառույցներին, շարունակել փոխզիջման որոնումները, որ առաջիկա հինգշաբթի դատարանին հայտնեն բանակցությունների արդյունքների մասին: Այդ արդյունքները քննարկելով, դատարանը կորոշի, թույլ տա՞լ շարունակել առճակատումը, թե` ոչ:
Ինչպես հաղորդում է իսրայելական ռադիոն, ժամը 08:00-ից մինչեւ 10:00-ն չեն աշխատի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը, ինչպես նաեւ նավահանգիստները: Աշխատանքի դուրս չի գա հասարակական տրանսպորտի մի մասը:
Արհմիությունները պահանջում են փոխել պետական եւ հասարակական սեկտորում որոշ մարդկանց աշխատանքի ընդունելու մեխանիզմը, որի արդյունքում նրանք ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան հաստիքով ծառայողները: Բացի այդ, նրանք ավելի վատ են պաշտպանված սոցիալական առումով: Իշխանությունները կոչ են անում Աշխատանքի համընդհանուր ֆեդերացիային հրաժարվել գործադուլներից եւ ժամանակ տալ փոխընդունելի որոշումներ գտնելու համար:



























