ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելել է Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության Գյումրի քաղաքի սահմանապահ ջոկատ եւ պատվոգրեր հանձնել մի շարք զինվորականների:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է զորամասի սպայական կազմի հետ` Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի գլխավորությամբ:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը կարեւորել է  ռազմավարական դաշնակիցներ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ծավալված սերտ համագործակցությունը Հայաստանի հարեւան երկու երկրների հետ սահմանների անվտանգության ապահովման ուղղությամբ` ընդգծելով, որ Հայաստանը որդեգրել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող անվտանգ եւ ապահով սահմաններ ունենալու նպատակ: Նա ընդգծել է սահմանապահ ջոկատի սպայակազմի մասնագիտական բարձր պատրաստվածությունը` կարեւորելով նրանց զգալի ներդրումը Հայաստանի պետական սահմանների անվտանգության ապահովման ուղղությամբ` նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման համատեքստում: 

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը  պատվոգրեր է հանձնել  մի շարք զինվորականների` մաղթելով կարիերայի առաջընթաց եւ նորանոր հաջողություններ: Սահմանապահներին հուզող խնդիրներին ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ ԱՊՀ հարավային սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար, նա պարգեւատրվել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ մեդալով: Հանդիպման շրջանակներում ԱԱԽ քարտուղարը շրջայց է կատարել զորամասում եւ մասնակցել նոր բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը: