Շարունակվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը ԱՄՆ, որտեղ ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցում է «Արմթեք 2009» համաժողովին:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններից մեկը՝ Ստենֆորդի համալսարան: Կառավարության ղեկավարը եղել է SLAC գծային արագացուցչի կենտրոնում, շրջել է գիտական կենտրոնի մասնաճյուղերում ու լաբորատորիաներում, ինչպես նաեւ հանդիպել է Ստենֆորդի հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի մրցունակության բարձրացմանը, ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրներին, ինչպես նաեւ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին ու հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հնարավոր զարգացումներին:
Վարչապետը եղել է նաեւ «Sequoia Capitals» ընկերությունում՝ հանդիպել է ընկերության ղեկավարների հետ:
Տիգրան Սարգսյանն այցելել է նաեւ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան, հանդիպել ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Աննա Լի Սաքսենյանի, ինչպես նաեւ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Այնուհետեւ գործադիրի ղեկավարը ելույթ է ունեցել «Հայաստանի մրցունակության օրակարգը» խորհրդաժողովի ընթացքում: Տիգրան Սարգսյանը խոսել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին. «Ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությունն ունի երկու հիմնական բաղկացուցիչ: Առաջինը՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ միջոցառումներն են, որոնք մեղմում են ճգնաժամն ու խթանում են տնտեսությունը, իսկ կառավարությունն ավելի նպատակային է կատարում բյուջետային ծախսերը: Ճգնաժամն առավել պարզ վեր հանեց Հայաստանի տնտեսության թույլ կողմերը, որոնց հաղթահարմանն ակտիվորեն անդրադառնում ենք: Բայց այն նաեւ ցույց տվեց մեր չօգտագործված ներուժը խթանելու հնարավորությունները: Այդպիսով՝ մեր հակաճգնաժամային ծրագրի երկրորդ բաղկացուցիչը դառնում է ապագայի մեջ ներդրումն ու համագործակցության համար հնարավորությունների ստեղծումը»,- ասել է վարչապետը:
Այնուհետեւ կառավարության ղեկավարը վերադարձել է Սան Խոսե, որտեղ այսօր՝ նոյեմբերի 6-ին մեկնարկելու է «Արմթեք 2009» համաժողովը:



























