Տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի լավագույն մեթոդներից մեկը արդյունավետության բարձրացումն է, եւ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է, որ գործունեության նպատակը արտադրողականության բարձրացումն է Հայաստանում, ինչը համապատասխանաբար կնպաստի նաեւ, որ երկրի տնտեսության տարբեր ճյուղեր առավել մրցունակ դառնան, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 19-ին «DigiTec 2009» գործարար համաժողովի շրջանակում բացված ցուցահանդեսում։ Վարչապետը գոհունակություն է հայտնել, որ անցած տարվա ցուցանիշների համեմատությամբ՝ ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների թիվը 30 տոկոսով մեծացել է, նաեւ աճ է նկատվել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ «Ինչպես հաստատում են կազմակերպիչները, այս տարի 20 տոկոս աճ է արձանագրվել, ինչը շատ կարեւոր է, հատկապես, եթե հաշվի առնենք տնտեսական ճգնաժամը»։
Սարգսյանն ընդգծել է, թե հատկապես ուրախացնող է այն փաստը, որ նման հեռանկարային բնագավառը շարունակում է աճ ապահովել նույնիսկ համաշխարհային ճգնաժամի պայմաններում, որի հետեւանքով տնտեսական շատ ցուցանիշներ Հայաստանում սկսեցին ցած գլորվել։ Նա գոհունակությամբ է նշել նաեւ, որ անցած տարվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում մեծացել է ոչ միայն առաջարկվող ծառայությունների քանակը, այլեւ միաժամանակ աճել է այդ ծառայությունների նկատմամբ պահանջարկը։
Ընդ որում, վարչապետը շեշտել է, որ սպառողների թվում է նաեւ կառավարությունը. «Կրթության եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացման համար մենք ինքներս պետք է օգտվենք առաջարկվող ծառայություններից, իսկ դրա համար անհրաժեշտ է իմանալ` ինչ ծառայություններ են դրանք եւ ինչպես դրանցից օգտվել, այլապես այդ ծառայությունների գոյությունը անիմաստ է դառնում»։ Վարչապետն ասել է, թե գուցե հարկավոր է նոր տեխնոլոգիաների շնորհանդեսներ անցկացնել հենց կառավարության համար, որպեսզի իշխանությունները տեղյակ լինեն նորագույն տեխնոլոգիաների զարգացման ու կառավարման օղակներում դրանց օգտագործման հնարավորություններին։
Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել կազմակերպված համաժողովը` նշելով, որ այն ընկերություններին հնարավորություն է տալիս ներկայացնելու վերջին տարվա ձեռքբերումները եւ ծանոթանալու գործընկերների եւ մրցակիցների հաջողություններին։ Ցուցահանդեսը հետաքրքիր է նաեւ այցելուների համար, քանի որ ծանոթանալով նորագույն տեխնոլոգիաների բնագավառում առաջարկվող ապրանքներին եւ ծառայություններին` սպառողը կարող է ճիշտ ընտրություն կատարել։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) եւ Microsoft կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության համատեղ ջանքերով կազմակերպված «DigiTec 2009» գործարար համաժողովը մեկնարկել է Երեւանում, հունիսի 19-ին եւ կշարունակվի երկու օր։ Համաժողովի շրջանակներում բացվել է ցուցահանդես, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունները, ինչպես նաեւ կազմակերպվել են մի շարք շնորհանդեսներ ու Հայաստանի ձեռներեցների համար հրատապ նշանակություն ունեցող թեմաների քննարկումներ։


























