Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության ծրագրի հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվել է առանձին ընկերություն, որի ղեկավար է նշանակվել Աշոտ Շահնազարյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս Աշոտ Շահնազարյանը զբաղեցնում էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

«Այդ ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է ներգրավել որոշակի միջոցներ այլ պետություններից, այլ ֆիանսնավորող կազմակերպություններից: Մասնավորապես՝ կան քննարկումներ Իրանի հետ, ով որոշակի պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ: Ստեղծվել է Հայաստան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանձնաժողով`փոխնախարարների մակարդակով: Այդ հանձնաժողովը մեկ նիստ գումարել է այս տարվա հուլիսին, իսկ երկրորդը հնարավոր է լինի այս ամսին: Մենք այդ հարցում սպասում ենք իրանական կողմի համաձայնությանը»,- ասաց նախարարն ու հավելեց, որ բացի այդ՝ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ասիական զարգացման բանկի հետ, որը համաձայնել է որոշակի գումար հատկացնել դրամաշնորհի տեսքով, այդ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումասիրությունը իրականացնելու համար: «Մենք նախնական ուսումնասիրության որոշակի արդյունքներ ունենք, որոնք հիմք կդառնան հետագա ուսումնասիրությունների համար: Այդ արդյունքները մեզ հնարավորություն կտան պատկերացում կազմել ֆինանսավորման ու աշխատանքների ծավալների մասին եւ նաեւ հասկանալ, թե ինչպիսի՞ գումարների հետ պետք է գործ ունենանք, եւ ո՞ր ֆինանսավորող կազմակերպությունների կետ կարող ենք բանակցել»,- ընդգծեց Գ. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ի հակադրություն Իրան-Հայաստան երկաթուղային նախագծի՝ շատ ավելի իրական հիմքերի վրա է դրված հյուսիս-հարավ երկաթուղային նախագծի իրականացումը, որն Իրանից կձգվի Ադրբեջան, ապա Ռուսաստան: Այս նախագծի վերաբերյալ արդեն հստակեցվել են ֆինանսավորման ծավալները, որը կկազմի 7-8 միլիարդ դոլար: Բանն այն է, որ այս երկրորդ նախագծի դեպքում շատ կարճ հատվածում պետք է նոր երկաթուղագիծ կառուցվի, քանի որ հիմնական գծերը արդեն իսկ կան: