Էկվադորի իշխանությունները դիմել են Կիտոյում Մեքսիկայի դեսպանատանը, որպեսզի ոստիկանությունը թույլ տա ձերբակալել Էկվադորի նախկին փոխնախագահ Խորխե Գլասին, ով թաքնվում է դիվանագիտական ներկայացուցչության շենքում։ Այս մասին հայտնում է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք հաստատում ենք, որ արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական ուղիներով թույլտվություն է խնդրել Մեքսիկայի դեսպանատնից, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան կատարել դատարանի որոշումը, որով որոշում է կայացվել ձերբակալել այս դիվանագիտական առաքելությունում գտնվող քաղաքացի Խորխե Դեյվիդ Գլաս Էսպինելին», ասվում X-ի էջում:
Դեռևս անհայտ է դեսպանատան պատասխանն ԱԳՆ այդ խնդրանքին։
2023 թվականի դեկտեմբերին Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Գլասն ապաստան է խնդրել Կիտոյում գտնվող երկրի դեսպանատանից։ Էկվադորի նախկին փոխնախագահը մեղադրվում է կոռուպցիոն գործով։ Գլասը բանտում արդեն պատիժ է կրել 2017-ից 2022 թվականներին։





























