«Թեպետ ֆինանսատնտեսական ճգնաժամը 3 տոկոս անկում է գրանցել համաշխարհային զբոսաշրջության ոլորտում, սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ-ում վերջին ինն ամիսների ընթացքում այս ոլորտում 5.6 տոկոսի աճ է գրանցվել. անցած տարվա 9 ամիսների ընթացքում ընդունած 402 հազար զբոսաշրջիկների փոխարեն այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 422 հազար զբոսաշրջիկ։ Աճի նման տեմպերը կպահպանվեն, եւ մենք տարվա վերջին կունենանք 6 տոկոսանոց աճ, իսկ զբոսաշրջիկների թիվը մինչեւ դեկտեմբեր կհասնի 600 հազարի»,- նոյեմբերի 6-ին CTS2009 միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։

Միջոցառման կազմակերպիչ, Ճամփոդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանն էլ իր հերթին ավելացրեց, որ այս տարի միջոցառմանը շուրջ 65 արտասահմանյան զբոսաշրջային կազմակերպություններ եւ գործակալություններ են մասնակցում Վրաստանից, Հունաստանից, Իսրայելից եւ Ղարաբաղից։ Նրա խոսքով, հաջորդ տարի մասնակիցների աշխարհագրությունն ավելի կընդարձակվի եւ, ամենայն հավանականությամբ, հոբելյանական 10-րդ ցուցահանդեսին կմասնակցի նաեւ Թուրքիան։ «Թուրքիայի Ճամփոդական գործակալների միության եւ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները հիմք են տալիս ենթադրելու, որ հաջորդ տարի՝ գարնանը, այդ երկիրը եւս ներկայացված կլինի մեր հոբելյանական միջոցառմանը»,- նշեց Թանաշյանը։