Ֆրանսիայի իշխանությունները փնտրում են նրան, ով հարձակվել էր Փարիզի սինագոգից դուրս եկող տղամարդու վրա, շաբաթ երեկոյան հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
Դարմանենը հաղորդել է, որ 60-ն անց տղամարդու վրա ենթադրյալ հարձակումը «հակասեմական նոր հարձակում էր, որը տեղի ունեցավ Փարիզում ուրբաթ երեկոյան»:
«Ամեն ինչ արվում է այս հրեշավոր արարքի հեղինակին կալանավորելու համար»,- գրել է նախարարը X-ի իր միկրոբլոգում։
Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ 60-ն անց տղամարդը խոսքի և ֆիզիկական հարձակման է ենթարկվել ուրբաթ, տեղական ժամանակով ժամը 17.30-ին, երբ դուրս է եկել Փարիզի 20-րդ թաղամասի սինագոգից:
Հարձակվողը մի քանի անգամ ոտքերով և բռունցքով հարվածել է տղամարդուն և նրա հասցեին էթնիկ հայհոյանքներ տեղացել, հայտնում է ֆրանսիական BFM հեռուստաալիքը:
Հարձակման զոհը տեղափոխվել է հիվանդանոց։ Կասկածյալը փախել է հանցագործության վայրից։
Հարձակումը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հրամայել է ամբողջ երկրի ոստիկանության պրեֆեկտուրաներին անհապաղ մեծացնել հրեական համայնքների պաշտպանությունը, հատկապես դպրոցների և պաշտամունքի վայրերի շրջակայքում:





























