Շվեյցարիայի ոստիկանությունը կիրակի հայտնել է, որ դեռահաս է ձերբակալվել Ցյուրիխի փողոցում ուղղափառ հրեային դանակահարելու կասկածանքով, հաղորդում է AP-ն:
Ցյուրիխի ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք կասկածում են, որ շաբաթ երեկոյան տեղի ունեցած դանակահարության շարժառիթը հակասեմականությունն է եղել։
Ոստիկանությունից հայտնել են, որ մի քանի մարդկանց մասնակցությամբ վիճաբանության մասին հաղորդումը ստացել են տեղական ժամանակով ժամը 21:35-ին: Նրանց նախնական վարկածով՝ հանցագործը հարձակվել է 50-ամյա տղամարդու վրա և «ծակող զենքով ծանր վնասվածքներ պատճառել նրան»։
Ոստիկանության նկարագրությամբ հանցագործը Շվեյցարիայի 15-ամյա քաղաքացի է եղել․ նա ձերբակալվել է դեպքի վայրում։
Ավելի ուշ ոստիկանությունը հրապարակել է երկրորդ հայտարարությունը, որում ասվում է, որ որպես նախազգուշական միջոց իրենք մեծացնում են անվտանգությունը հրեաների հետ կապված որոշ վայրերի շուրջ:
Հրեական համայնքների շվեյցարական կազմակերպությունը հայտարարել է, որ «խորապես ցնցված է, որ համայնքի անդամը նման հարձակման զոհ է դարձել»:





























